(շարունակություն)
Մարզահամերգայինը վերականգնելու համար հանրապետությունում գիշերն էլ ցերեկ արվեց ու մրցումների բուն սկզբից շատ ավելի վաղ ամեն ինչ բերվեց իր տեղը:
Ասել, թե սա միայն պատվի հարց էր, կնշանակի եղածի կարևորությունը ոչ թե փոքրացնել, այլ պարզապես վերցնել ու զրոյացնել: Սա անօրինակ հաղթանակ էր` հանրապետության շարքային քաղաքացուց մինչև երկրի ղեկավարի ոգու, կամքի ու միասնականության բացառիկ ցուցադրություն: Նախանձելի ցուցադրություն:
Սակայն առաջնությունը մեզնից խլելու գործընթացն արդեն թափ էր հավաքել: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ այդ գործընթացի մեջ, այնուամենայնիվ, նաև որոշակի դժկամության տարրեր կային: Որքան էլ տարօրինակ հնչի, Մոսկվան առաջնությունը մեզնից տանում էր… չկամությամբ: Բանն այն է, որ նման մասշտաբի միջոցառումներն անխուսափելիորեն նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք են պահանջում: Խնդիրը, ի վերջո, այն Մոսկվայի բազմաթիվ սպորտային կառույցներից մեկում անցկացնելը չէր սոսկ:
Միայն շինությունով հա՞րց էր լուծվում:
Ի թիվս բազմաթիվ հարցերի շարանի, մեջտեղում էին առաջնության մեդալները, մրցանակակիրներին հանձնվելիք գավաթները պատրաստելու «մանրուքները», իսկ դրանց համար ժամանակ էր պետք: Այնպես որ, մարզահամերգայինի հրդեհվելուց հետո միութենական լրատվամիջոցներով Մոսկվայի ակնթարթային այն արձագանքը, թե առաջնությունն ընդունելուն ինքը վաղուց էր սպասում, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Ճշմարտությունն այն էր, որ Մոսկվան ոչ թե պատրաստ էր առաջնությունն ընդունելու, այլ հարկադրված եղավ ընդունել, իսկ արձագանքն արտաքին օգտագործման համար էր` ինչ-որ տեղ ոմանց խելքի գալու կոչ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
(նյութն ամբողջությամբ կտեղադրվի ավելի ուշ)